Լուսինը ծնվել ու մեծացել է Վանաձորում։ «Չեմ կենտրոնացել Վանաձորում ապրելու ու ստեղծագործելու վրա, բայց մտածել եմ, թե Վանաձորում չլինեի ու ուրիշ բան տեսնեի՝ ոնց կազդեր ինձ վրա` որպես ստեղծագործողի… Մեր մասին լիքը բան չգիտենք, անընդհատ ինչ-որ բաների արդյունքում ենք իմանում»։

 

Երբ փոքր էր, Լուսինը պատերին էր նկարում, թուղթը հետաքրքիր չէր նկարելու համար։ «Մի խալի ունեինք պատի վրա, որ ուշ-ուշ էինք հանում, ենթադրեցի՝ որտեղ ձեռքս հասնում է, կարելի է նկարել, այսինքն՝  խալու տակից։ Մի օր խալին հանեցինք, որ տեղափոխվենք ուրիշ տուն…» ։

Հիմա, երբ իր աղջիկն է փոքր, նկարներ կան, որոնք տալիս է՝ մի փոքր էլ երեխան ստեղծագործի, կամ հարցնում է, թե իր կարծիքով ինչ է նկարել։ Երբեմն հետաքրքիր համատեղ ստեղծագործական պահեր են վայելում։ Լուսինը նկատել է, որ գեղեցիկը գնահատող երեխա է մեծանում. «Ծաղկած ծառ տեսնի, մի տասը րոպե կնվիրի այդ ծառին գովալուն. - Ի՜նչ սիրուն ա, ի՜նչ լավն ա»։ Լուսինին միշտ հետաքրքիր է, թե իր երեխան ինչ թեմաների մասին է նկարում, ինչն է նրան հուզում։ Նկարիչ ու մամա լինելու մասին խոսելիս Լուսինը նշեց, որ եթե գտնում ես ձևը՝ մամա ու նկարիչ լինելու դերերը իրար կպցնելու կամ իրարից անջատելու, դժվարությամբ, բայց ստացվում է։

Վերջերս Լուսինը իր զգացողություններն արտացոլում է կանանց ֆիգուրաների միջոցով։ Մարմինները մերկ են, որովհետև կարծում է՝ շորերի մեջ ոչ մի գեղեցկություն չկա ու պետք չի արհեստական ծածկել մարմինը։ 

«Նկարելը գործ չի, էլի, գործի գնալ չի։ Եթե նկարում ես ինչ-որ բան ասելու համար, պետք է սպասես՝ պահը գա։ Գրելու պես, ո՞նց կարող ես ասելիք չունենաս ու գրես, ի՞նչի մասին գրես»։

© 2020 by Creopia Productions.

  • White Facebook Icon
  • White YouTube Icon
  • White Instagram Icon