Ծանոթացեք Creopia համայնքի նոր անդամի՝ գեղանկարիչ Արարատ Ալեքսանյանի հետ։ Որպես բնիկ վանաձորցի՝ հավատում է, որ ապագան ուր էլ որ տանի, մեկ է, Վանաձոր է հետ գալու, քանի որ ամեն ինչ հենց այստեղից է սկսվել։ Վանաձորը համարում է «կանաչ տուն»։ Կանաչ տանը մի շատ կանաչ անկյունում էլ հենց նրա արվեստանոցն է՝ ծառերի մեջ թաքնված, որտեղ անցկացնում է օրվա մեծ մասը։

Մենակ մնալն օգնում է ստեղծագործելուն, իսկ արվեստանոցն իրեն տալիս է այդ մենակությունը։ Ամեն ինչ մեծ ազդեցություն է ունենում նրա ու ստեղծագործական կյանքի վրա՝ մարդիկ, եղանակը, ծառերը, օդը… այնուամենայնիվ, ամենից շատ ոգեշնչվում է երաժշտությունից։

«Նկարները քո մի մասն ա, դու ես, էտ օրը ինչ ձև ես եկել արվեստանոց, խի ես եկել։ Նկարը ամիսներով նկարում ես: Ամեն օր ուրիշ ձև ես մտնում արվեստանոց, մի լավ պահ տեսած լինես, մեկի հետ խոսացած լինես… ու տալիս ես սաղ, էներգիա ա էլի»։

«Չեմ հիշում, թե երբ եմ սկսել նկարել։ Դպրոցում նկարում էի ամեն ինչի վրա՝ տետր, պատեր, նստարան։ Մի օր մի նկարիչ վրձին նվիրեց ու ջրաներկ։ Ծանոթ էր ու գիտեր, որ սիրում եմ նկարել։ Էտ վրձինը մինչև հիմա կա։ Մնացել ա, տենց հատուկ չեմ պահել»։

Արարատը կարծում է, որ պետք է ամեն մեկն իր մեջ խորանա ու ամեն ինչ պարզ կլինի։ Ինքն էլ փորձում է նկարների միջոցով դա անել։

Չի պատկերացնում իր կյանքն առանց նկարելու. բազմաթիվ անբացատրելի զգացմունքներ է տալիս, որ չի կարող համեմատել այլ բանի հետ։ Նկարելը հարաբերելի է համարում երկխոսելու հետ. «Խոսում ես էլի քո հետ»։

Արարատ Ալեքսանյանի մյուս աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ՝

  • Facebook
  • Instagram

© 2020 by Creopia Productions.

  • White Facebook Icon
  • White YouTube Icon
  • White Instagram Icon